ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարությանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արձագանքը հետևանք է նրա, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները երկար ժամանակ հանդուրժում են նրա սադրիչ հռետորաբանությունն ու գործելաոճը՝ հայտարարել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «Հենց համանախագահների այդ մոտեցման պատճառով է, որ Ալիևի մեջ ամրապնդվում է ամենաթողության զգացումը, ու Բաքուն ավելի է սաստկացնում իր անհարգալից կեցվածքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ու նրանց առաջարկությունների հանդեպ»,- ասել է Շ. Քոչարյանը, պատասխանելով News.am-ի հարցին:
«Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է կյանքի կոչել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին բանակցությունների առաջմղման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման նպատակով ձեռք բերված պայմանավորվածությունները, այլև փաստացի մերժում է հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծման՝ համանախագահ երկրների առաջարկած հիմնարար սկզբունքները»,- ընդգծել է նա: