Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ստրասբուրգում ներկայացվեցին սահմանադրական բարեփոխումները Հայաստանում

Ստրասբուրգում ներկայացվեցին սահմանադրական բարեփոխումները Հայաստանում
10.10.2016 | 21:36

Հոկտեմբերի 10-ին Ստրասբուրգում սկսվել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը, որին մասնակցում է ԱԺ պատվիրակությունը՝ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: Նստաշրջանի լիագումար նիստում ընթացիկ հաշվետվության զեկույցի ձևաչափով քննարկումների ժամանակ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը ներկայացրեց սահմանադրական բարեփոխումները Հայաստանում: Նա նշեց, որ վերջին երկու տարում Հայաստանը նախաձեռնեց սահմանադրական բարեփոխումների գործընթաց, որն ավարտվեց 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով:

«Այս բարեփոխումները կարևոր իրադարձություն են Հայաստանի պետական և ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման համար: Սահմանադրական բարեփոխումների արդյունքում՝ բովանդակային և կառուցվածքային փոփոխություններ իրականացվեցին դատաիրավական ոլորտում, կառավարման մոդելում, ինքնակառավարման, ուժերի հավասարակշռության և օրենքի գերակայության բնագավառներում: Փոփոխությունների մշակման ողջ գործընթացը զարգացավ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ: Մեզ համար կարևոր է, որ առաջարկվող փոփոխությունները համահունչ լինեն Վենետիկի հանձնաժողովի կարծիքների հետ և համապատասխանեն ժամանակակից եվրոպական չափանիշներին: Հանձնաժողովի բոլոր առաջարկությունները ընդունվել են Հայաստանի իշխանությունների կողմից:
Բարեփոխումների գործընթացը և փոփոխություններն ինքնին ողջունվել են նաև ԵԽԽՎ-ի կողմից՝ մոնիտորինգի ընթացակարգով և ընթացիկ հաշվետվության զեկույցով»՝ ԵԽԽՎ պատվիրակներին տեղեկացրեց Հերմինե Նաղդալյանը և վստահություն հայտնեց, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի քաղաքական համակարգը կդառնա ավելի բաց, թափանցիկ ու ճկուն, քաղաքական ընդդիմության դիրքորոշմանն առավել արձագանքող:


«Փոփոխված Սահմանադրությունը առաջին հերթին ուղղված է ամրապնդելու Հայաստանի քաղաքացիների ազատությունները՝ ընդլայնելով կարողությունների և հնարավորությունների շրջանակը: Մենք թևակոխել ենք մի փուլ, երբ սահմանադրական փոփոխությունները իրենց պատշաճ արտացոլումը պետք է ունենան երկրի ողջ իրավական համակարգի վրա՝ պետք է ընդունվեն նոր սահմանադրական օրենքներ, կատարվեն համապատասխան փոփոխություններ հարյուրավոր օրենքներում: Վերջին ամիսների ընթացքում ամենաքննարկվողը Ընտրական օրենսգիրքն էր: Այն քննարկվեց համատեղ ձևաչափով՝ իշխող կոալիցիայի, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ, 4 + 4 + 4 ձևաչափով: Նոր Ընտրական օրենսգրքի մշակման գործընթացը զարգացավ բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերի միջև համագործակցության ոգով: Երկրի իշխանությունները միտված են կոնսենսուս կառուցել երկրի առջև ծառացած կարևորագույն հարցերի շուրջ ՝ մեկ գերագույն նպատակով՝ ապահովել և բարձրացնել ժողովրդի վստահությունը: Մենք կարող ենք ասել, որ դա բացառիկ համագործակցություն էր՝ գալիք ընտրությունների համար կայուն և հուսալի հիմք ստեղծելուն միտված: Ազատ և արդար ընտրությունների անցկացումը երկրի գերակայությունն է: Եվ ուզում եմ ասել, որ դրանց պատշաճ ընթացքն ու լեգիտիմությունը շատ ավելի կարևոր են, քան արդյունքները»՝ արձանագրեց ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը: Նա համեմատեց Ադրբեջանում անցկացված հանրաքվեն. «Համեմատության համար կցանկանայի համառոտ հղում կատարել Ադրբեջանի սահմանադրական փոփոխությունների վերջին հանրաքվեին, որը Վենետիկի հանձնաժողովի լուրջ մտահոգությունն է առաջացրել, և հանձնաժողովը ամբողջովին դուրս է մնացել փոփոխությունների մշակման գործընթացից: Ինչպես բնական է ավտորիտար վարչակարգերի համար` հանրաքվեն կոչված էր պաշտպանելու Ալիևների տոհմի հավերժ իշխանությունը»:


Հավարտ ելույթի նա ասաց. «Հայաստանի ժողովուրդն ընտրել է ժողովրդավարության ուղին, և ես հավատում եմ, որ բարեփոխումների շնորհիվ մենք կունենանք մի հասարակություն, որտեղ մեր ապագա սերունդները կապրեն խաղաղության և կայունության մեջ: Տարածաշրջանի երկրների Ժողովրդավարական բարեփոխումները խաղաղության և անվտանգության ամենահուսալի ճանապարհն են: Եթե այս սկզբունքները ընդունվեին մեր որոշ հարևանների կողմից, մենք կունենայինք այլ իրականություն»:

Դիտվել է՝ 676

Մեկնաբանություններ