Հոկտեմբերի 14-ին Երևանում կկայանա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որը կվարի խորհրդում 2015-2016 թթ. նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նստաշրջանում կքննարկվեն ՀԱՊԿ նախորդ տարվա գագաթնաժողովների որոշումների իրականացման ընթացքը, Կազմակերպությունում նախագահության ընթացքում Հայաստանի առաջադրած առաջնահերթությունները:
Նիստի օրակարգում ընդգրկված երկու տասնյակ հարցերի շրջանակում կքննարկվեն միջազգային իրավիճակը և հավաքական անվտանգության ապահովման արդիական հարցեր, կդիտարկվեն մինչև 2025 թ. ժամանակահատվածի համար ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության և ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման վերաբերյալ որոշումների նախագծերը, ՀԱՊԿ գործունեության կատարելագործման, միջազգային ահաբեկչությանը հակազդեցության վերաբերյալ որոշումների իրականացումը: Նախատեսվում է մի շարք քաղաքական հայտարարությունների ընդունում:
Նկատի առնելով, որ 2016-2017 թթ. ՀԱՊԿ-ում նախագահությունը կստանձնի Բելառուսը, նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հավաքական անվտանգության խորհրդին կներկայացնի Բելառուսի առաջնահերթությունները, որոնք նախատեսվում է իրականացնել նրա նախագահության շրջանում՝ նստաշրջանների միջև ընկած հաջորդ ժամանակահատվածում:
Հավաքական անվտանգության խորհրդի օրակարգի շրջանակներում նախատեսվում է նաև Կազմակերպության ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը, զինվորական կադրերի պատրաստման, արտակարգ իրավիճակներին ՀԱՊԿ անդամ պետությունների արձագանքման համակարգի զարգացմանը վերաբերող փաստաթղթերի ստորագրում: Նիստում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները որոշում կկայացնեն Կազմակերպության գլխավոր քարտուղարի վերաբերյալ: