Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը բացառում է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը: «Վստահ եմ, որ դա տեղի չի ունենա»,- ասել է Կուրցը գերմանական Die Welt-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով, դա միայն իր դիրքորոշումը չէ, այդ կարծիքին են եվրոպական բազմաթիվ երկրների կառավարությունների և արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ: Սեբաստիան Կուրցը կոչ է արել ազնիվ լինել այդ հարցում՝ պարզաբանելով, որ «մեծ տարբերություն կա եվրոպական քաղաքական գործիչների կարծիքի և հրապարակային հայտարարությունների միջև»:
Նա ենթադրում է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը դեմ է եվրոպական երկրների բնակիչների մեծ մասը: Կուրցը, միաժամանակ, Անկարայի հետ սերտ համագործակցության կոչ է արել, բայց այդ համագործակցության նպատակը չպետք է լիիրավ անդամի իրավունքով ԵՄ-ին Թուրքիայի միանալը լինի: