Պանամայի սկանդալի գլխավոր հերոսին Սահմանադրության ուժով շնորհվեց նոր ուժ՝ ԵԽԽՎ ամբիոնից հայտարարել է ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը՝ անդրադառնալով Ալիևների ընտանիքին։
«Լիահույս եմ, որ «Պանամայի փաստաթղթերի» հարցի քննարկումը բազմաթիվ քաղաքական գործիչների հետ կպահի հանցագործ փողերից և օֆշորային սկանդալներից: Բանաձևում նշված է, որ «Խորհրդարանական վեհաժողովը անհանգստացած է, որ ժամանակակից հասարակության մեջ դեռևս առկա են հարկային դաշտից խուսափելու դեպքեր, ինչպես նաև խիստ մտահոգված է, այս ամենում բացեիբաց ներգրավված են հայտնի ընկերություններ և հասարակական գործիչներ, ովքեր պետք է ծառայեին բարոյական վարքագծի օրինակներ: Վեհաժողովը համարում է, որ քաղաքականության մեջ և գործարար աշխարհում էթիկայի բարձր չափանիշի պահպանումը կարևոր է տնտեսական, սոցիալական և ժողովրդավարական համակարգերի կայացման և աջակցության հարցում»,- ասել է նա: Ըստ պատգամավորի, մի քանի ամիս առաջ աշխարհը ցնցված էր «Պանամայի փաստաթղթերի» հրապարակումից, որտեղ պատվավոր տեղում է Ադրբեջանի նախագահն ընտանիքի հետ՝ կինը, դստրերը, քույրը և այլն:
«Օֆշորային ընկերությունների այս միլիարդավոր դոլարները, որոնք պատկանում են կամ կառավարվում Ալիևների կողմից, այն հսկայական գումարները, որոնք ծախսվում են զենքի և զինամթերքի ձեռքբերման վրա, կարող էին ծախսվել Ադրբեջանում իրական բարեփոխումների և ռեալ ժողովրդավարացման նպատակով: Եվ մինչ նախագահական ընտանիքի կանայք իրենց գեղեցիկ կյանքն են վայելում, ստանալով միլիոնավոր դոլարների այնպիսի եկամուտ, որ նույնիսկ Ալիևի ընտանիքի տասը սերունդն ունակ չի լինի ծախսելու, Ալիևի ռեժիմը երկարաձգում է իր կառավարման դարաշրջանը՝ ընդունելով նոր Սահմանադրություն, որը հնարավորություն է տալիս Ալիևի կլանին իշխանությունն իրենց ձեռքում պահել նաև առաջիկա երկար տարիների ընթացքում: Այսպես կոչված Սահմանադրությունը խստագույն քննադատության է արժանացել Վենետիկի հանձնաժողովի կողմից»,- նշել է Կարապետյանը:
Նրա խոսքով, Ադրբեջանը կրակի երկիր է, բայց ոչ կյանքի կրակի, այլ պատերազմի կրակի, սարսափի կրակի, հանցագործությունների կրակի: «Մենք վերջերս համոզվեցինք, որ կոռումպացված քաղաքական գործիչը լուրջ վտանգ է ոչ միայն օրենքի, այլև մարդու հիմնարար իրավունքներից մեկի՝ կյանքի իրավունքի համար: Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը լուրջ հետազոտական աշխատանք է կատարել, և շատ երկրներում արվել են ադեկվատ քայլեր։ Իհարկե, ցանկալի կլիներ, որ ադեկվատ քայլեր արվեին բոլոր երկրներում, կամ գոնե ոչինչ չարվեր, այլ ոչ թե լիներ այն, ինչ եղավ Ադրբեջանում՝ Պանամյան սկանդալի գլխավոր հերոսին Սահմանադրության ուժով շնորհվեց նոր ուժ և իրավունքներ։ Եվ ի՞նչ դասեր պետք է մենք քաղենք սրանից հետո: Փաստաթղթում նշված է. «Վեհաժողովը հաստատում է քաղաքացիների վստահության վերականգնման անհրաժեշտությունը եվրոպական ժողովրդավարական համակարգի հանդեպ…»: