Աշխարհում փլուզված է գլոբալ անվտանգության համակարգը՝ Երևանում անցկացվող «ՀԱՊԿ-ի դերը եվրասիական անվտանգության մեջ» թեմայով կլոր-սեղանի ժամանակ հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Մենք ապրում ենք բարդ ժամանակներում, որը վերլուծության չի ենթարկվում: Անվտանգության ոլորտում ինչ-որ ալգորիթմ ստեղծելն էլ, հետևաբար, հեշտ չէ: Ընդհանուր առմամբ, փլուզված է գլոբալ անվտանգության համակարգը: Դադարեցված են առաջատար միջազգային խոշոր խաղացողների կապերը, երկխոսությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի, թմրանյութի անօրինական շրջանառության և այլ մարտահրավերների վերաբերյալ»,- նշեց Նիկոլայ Բորդյուժան: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով՝ մենք ականատես ենք մի շարք հակասությունների, երբ, օրինակ, որևէ պետություն հանդես է գալիս ահաբեկչության դեմ պայքարի դիրքերից, բայց զինամթերք է մատակարարում ահաբեկչական խմբերի: «Անտրամաբանական քայլեր կան միջազգային հարաբերություններում»,- հավելեց Բորդյուժան: