Ադրբեջանի կառավարության վերջին նիստում նախագահ Իլհամ Ալիևի ելույթը ցույց է տալիս, որ երկրի ղեկավարությունը շփոթված է և դրսևորում է խնդիրները լուծելու անկարողություն: «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում կարծիք է հայտնել Ադրբեջանի նախկին վարչապետ Փանահ Հուսեյնը:
Նա ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման համար Բաքվի վրա արտաքին ճնշման մասին Ալիևի խոսքերին: Ալիևը կառավարության ընդլայնված նիստում հայտարարել էր, որ փակ դռների հետևում իրենց վրա ճնշում են գործադրում՝ ստիպելով ընդունել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
Հուսեյնի կարծիքով՝ ռազմական ծախսերի կտրուկ կրճատման ֆոնին ղեկավարության հռետորաբանության կտրուկ փոփոխությունը ցույց է տալիս, որ իշխանությունները մտադիր են հասարակությանը պատրաստել երկրի համար ոչ շահավետ փոխզիջումների:
Եվրաինտեգրումից հրաժարվելու մասին Ալիևի խոսքերը, Հուսեյնի կարծիքով, հակասում են երկրի պաշտպանական դոկտրինին: Հուսեյնը կարծում է, որ Բաքվի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը տապալվում է: Նա նշել է, որ դեռ վերջերս պաթոսով խոսվում էր Ռուսաստանի օգնությամբ ղարաբաղյան խնդրի արագ լուծման մասին, իսկ որոշ իշխանամետ փորձագետներ խոսում էին այդ հակամարտությունում Արևմուտքի բացասական դերի մասին: Այդ ֆոնին սկսվեց հակաարևմտյան քարոզչության հերթական ալիքը, հիշեցրել է Հուսեյնը: Երկրի տնտեսական բարեկեցության մասին Ալիևի հայտարարությունները չեն արտահայտում իրականությունը: Չի կարելի խոսել բարեկեցության մասին, եթե մեծությամբ երկրորդ բանկը սնանկ է հայտարարվում և ավելանում են բնակչության արտագաղթն ու կապիտալի դուրսբերման ծավալները՝ ասել է նախկին վարչապետը։