ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Տաջիկստանի Հանրապետության արդյունաբերության և նոր տեխնոլոգիաների նախարար Շավկաթ Բոբոզոդային:
«Կան բազմաթիվ բնագավառներ, որտեղ կարող ենք սերտորեն համագործակցել` թեթև արդյունաբերություն, բարձր տեխնոլոգիաներ, գորգագործություն, մի շարք այլ ուղղություններով ևս, և ներկայում կա լավ հնարավորություն նախանշելու փոխգործակցության ուղիներն ու համապատասխան աշխատանքներն ինտենսիվորեն սկսելու համար»,- ասել է Ս. Կարայանը: Շավկաթ Բոբոզոդան Տաջիկստանի կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետություն հրավերի և հյուրընկալության համար: Նա անդրադարձել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությանը և այդ աշխատանքներին թափ հաղորդելու համար` աշխատանքային խմբի ստեղծման անհրաժեշտությանը, որ հնարավորություն կտա կոնկրետ ուղղություններով փոխգործակցության իրականացմանը: Հանդիպմանը կողմերը անդրադարձել են արտահանման և ներմուծման, արտադրության, բեռնափոխադրումների խնդիրներին, Հայաստանի հնարավորությունները դեպի ԵՄ և Իրանի շուկաներ օգտագործելու, հայկական արտադրանքը Տաջիկստան և ասիական շուկաներ արտահանելու հարցերին: Երկու նախարարությունները նաև փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել գործնական քայլեր մշակել առևտրաշրջանառության ծավալների մեծացման, տնտեսական քաղաքականության վերաբերյալ տեղեկատվության փոխանակման, առևտրային խոչընդոտների վերացման և մի շարք այլ հարցերում:
Սուրեն Կարայանը և Շավկաթ Բոբոզոդան այցելել են թեթև արդյունաբերության մի շարք ձեռնարկություններ, մասնավորապես տեքստիլ արտադրության և գորգագործական ընկերություններ, ծանոթացել վերջիններիս գործունեությանն ու քննարկել այդ ոլորտներում փոխշահավետ գործակցության հնարավորությունները։