Trend գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Ահմեդովը «ոչ տեղին» է որակել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ՌԴ նախագահի օգնական Յուրի ՈՒշակովի հայտարարությունը։ Ահմեդովի խոսքով՝ ավելի վաղ նման հայտարարություն էր արել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
«Այդ հայտարարությունը հարուցել է սուր արձագանք թե Ադրբեջանի կառավարությունում, թե հասարակությունում։ Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացի ցանկանում է ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորում։ Կարծում եմ, որ ստատուս քվոյի շուտափույթ փոփոխումը տարածաշրջանում կայունություն ու բարեկեցություն ապահովելու ամենաճիշտ ուղին է։ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների նմանատիպ պաշտոնական հայտարարությունները, որը ստեղծվել է հակամարտության կարգավորման վերաբերյալ, կարելի է մեկնաբանել որպես Մինսկի խմբի կողմից իր պարտավորությունները կատարելու անընդունակություն։ Ցանկանում եմ ընդգծել, որ այդ կառույցը զգալի ջանքեր է գործադրում հակամարտության կարգավորման համար, սակայն նման հայտարարությունները ստվեր են նետում Մինսկի խմբի գործունեության վրա»,- ասել է նա։