Վերջերս Պուտինը էներգետիկ համաժողովի առիթով պաշտոնական այցով ժամանեց Ստամբուլ: Պուտին-Էրդողան բանակցությունների արդյունքում վավերացվեցին մի շարք համաձայնագրեր, որոնց իրականացումը միայն շահույթ կբերի երկու երկրներին: Ռուս-թուրքական հարաբերությունները, որ մինչև վերջերս, կարելի է ասել, գլխիվայր շրջված էին, վերջապես կարգավորվեցին և վերադարձան բնականոն ընթացքին:
Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումը աստիճանաբար կնվազեցնի Թուրքիայի կախվածությունը ԱՄՆ-ից: Սիրիայի և Իրաքի խնդիրները աշխարհագրական և տնտեսական առումներով ավելի շատ մոտ են Թուրքիային և Ռուսաստանին, քան ԱՄՆ-ին: Այնուամենայնիվ, պետք է այնպես անել, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումը չվնասի ԱՄՆ-ի հետ հարաբերություններին: Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները չեն կարող այլընտրանք լինել թուրք-ամերիկյան հարաբերություններին, սակայն և Իրաքում, և Սիրիայում ԱՄՆ-ի քաղաքականությունը սպառնում է Թուրքիայի անվտանգությանը: Թուրքիան չի կարող անտարբեր հետևել՝ ինչպես է ԱՄՆ-ը, իր շահերից ելնելով, վերակառուցում տարածաշրջանը:
ԱՄՆ-ի նպատակը Հյուսիսային Սիրիայով տարածաշրջանի նավթը Միջերկրական ծով արտահանելու համար էներգետիկ միջանցքի ստեղծումն է: Թուրքիայի կարծիքով՝ ԱՄՆ-ը այդ քայլով «ահաբեկիչների միջանցք» է ստեղծում Սիրիայի հյուսիսում: Դրան ի պատասխան՝ Թուրքիան Ռուսաստանի հետ ստորագրում է «Հյուսիսային հոսք»-ի համաձայնագիրը: Թուրքիան համառորեն պնդում է, որ ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները՝ YPG-ը, քրդական աշխատավորական կուսակցության ճյուղ է:
ԱՄՆ-ը չի ընդունում և հակառակ Թուրքիայի՝ շարունակում է հովանավորել նրանց: Թուրքիան Ջերաբլուսի գործողություններով փորձում է խանգարել: Ինչպես թվարկված, այնպես էլ մի շարք այլ գործոններ փաստում են, որ ԱՄՆ-ը շատ հարցերում երկերեսանիություն է ցուցաբերում: Ապացույցներն ակնհայտ են: Հենց ԱՄՆ-ը, հանդես գալով որպես ժողովրդավարության առաքյալ, ամբողջ ուժով աջակցում է աս-Սիսիի հեղափոխականներին Եգիպտոսում: Հենց ԱՄՆ-ն է հովանավորում Ֆեթուլլահ Գյուլենի FETO կազմակերպությունը, որին Թուրքիան մեղադրում է հեղափոխության փորձ կատարելու միջոցով վիճակը ապակայունացնելու մեջ: ԱՄՆ-ը, Թուրքիային իր ռազմավարական գործընկերը համարելով, շարունակում է նրա շահերը ոտնահարող քաղաքականություն վարել տարածաշրջանում: Թուրքիան պետք է հասկանա, թե ինչ խաղ է ընթանում տարածաշրջանում, և բարելավի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ չվատացնելով հարաբերությունները ԱՄՆ-ի հետ: