ՀԱՊԿ ղեկավարները երևանյան հանդիպման ընթացքում քննարկել են ղարաբաղյան խնդիրը փոխզիջում որոնելու անհրաժեշտության համատեքստում՝ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «ՀԱՊԿ-ը ստեղծվել է արտաքին սպառնալիքներին համատեղ արձագանքելու համար։ Մենք պետք է ինչ-որ ձևով արձագանքենք նաև նրան, ինչ տեղի է ունենում մեր կողքին, բայց պետք է ձգտենք բոլոր խնդիրները, որ մեզ են հասել անցյալից, լուծել խաղաղ ճանապարհով ու փոխզիջումների հիման վրա։ Հենց փոխզիջման, որին պատրաստ է թե մեկ, թե մյուս կողմը։ Այս համատեքստում մենք քննարկել ենք նաև ղարաբաղյան խնդիրը»,- ասել է Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա շեշտել է, որ Երևանում քննարկվել է նաև ԽՍՀՄ նախկին հանրապետությունների միջև «որոշակի լարվածությունը»։ Նրա խոսքով` «մեզ համար նույնիսկ կարևոր չէ, ԽՍՀՄ այս կամ այն նախկին հանրապետությունը ՀԱՊԿ անդամ է, թե ոչ»։
«Կարևոր է, որ մենք այդ բոլոր երկրների հետ պատմականորեն ձևավորված առանձնահատուկ հարաբերություններ ունենք։ Եվ դրանք շատ ավելի կարևոր են ու խոր, քան ՆԱՏՕ-ի երկրների հարաբերությունները։ Մենք չենք կարող դա հաշվի չառնել»,- հավելել է Պուտինը։