Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քննարկում է նախաձեռնել Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթի հետ: Քննարկման ընթացքում բարձրացվել են Սիրիայում ստեղծված իրավիճակի արդյունքում Հայաստան ժամանող սիրիահայերին առնչվող, նրանց համար Հայաստանում բնակության պայմանների ապահովման հարցում ՄԱԿ-ի աջակցության հետ կապված հարցեր: Թաթոյանը կարևորել է Հայաստան ժամանել պատրաստվող սիրիահայերի համար կեցության, իրավական խորհրդատվության խնդիրների առաջնահերթ կարգավորումը: Քննարկվել են սպասվող նոր հոսքի դեպքում սիրիահայ ընտանիքներին ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի հնարավոր որոշակի դրամական օժանդակություն տրամադրելու հարցեր:
Բիերվիրթը պատրաստակամություն է հայտնել աջակցել սիրիահայ ընտանիքներին՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի մանդատի ու հնարավորությունների շրջանակում: Օմբուդսմենը բարձր է գնահատել ՄԱԿ-ի փախստականների հարցերով հայաստանյան գրասենյակի ջանքերը՝ ուղղված սիրիահայ փախստականներին օժանդակելուն: Երկուստեք կարևորվել է այս հարցերով հաճախակի հանդիպումների ու քննարկումների անհրաժեշտությունը: