Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Նասրոլլահ Քալանթարիի գլխավորած պատվիրակությանն ու Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: Կողմերը քննարկել են հայ-իրանական համագործակցությանը, տարածաշրջանային խնդիրներին ու հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է ռազմաքաղաքական շփումները հաճախակի դարձնելու անհրաժեշտությունը: Իրանական կողմը Վիգեն Սարգսյանին է փոխանցել Իրանի ՊՆ և ԶՈՒ աջակցման նախարար, բրիգադի գեներալ Հոսեյն Դեհղանի շնորհավորական նամակը՝ Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Նույն օրը կայացել է նաև ընդլայնված կազմով պատվիրակությունների հանդիպում, որին մասնակցել են Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, պաշտպանության նախարարի տեղակալ-պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը և ոլորտների մասնագետներ: Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են թիկունքային, կրթական և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության շարունակմանը և շփումների ընդլայնմանը վերաբերող հարցեր: