Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Վարչապետը նշել է, որ Հայաստանն ու Իրանն ունեն ավանդական սերտ, բարեկամական հարաբերություններ և ավելացրել, որ անհրաժեշտ է չսահմանափակվել առկա մակարդակով և շարունակել քայլերը փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու նպատակով: Այդ համատեքստում Կարեն Կարապետյանը կարևորել է Իրան-Հայաստան 400 կՎտ երրորդ էլեկտրահաղորդման գծի, «Նորավան» ենթակայանի, Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի գազի բաշխման ցանցի կառուցման, «Գազ-Էլեկտրաէներգիայի դիմաց» ընթացիկ ծրագրերը:
Նա հեռանկարային է համարել տարածաշրջանային Հայաստան-Իրան-Վրաստան-Ռուսաստան քառակողմ համագործակցության ձևաչափը: Խոսելով Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման մասին՝ վարչապետը նշել է, որ հետաքրքրության դեպքում այդ ծրագրում կարող են ներգրավել իրանական ընկերությունները: Կարեն Կարապետյանի խոսքով՝ Հայաստանն ու Իրանն ունեն առևտրաշրջանառության ծավալներն ավելացնելու, տնտեսության տարբեր ճյուղերում, այդ թվում՝ գյուղատնտեսության, հեռահաղորդակցության, զբոսաշրջության, առողջապահության և այլ ոլորտներում ներդրումային նոր ծրագրեր իրականացնելու մեծ ներուժ:
Սեյեդ Քազեմ Սաջադին պատրաստակամություն է հայտնել սերտորեն համագործակցել ՀՀ կառավարության հետ՝ իրականացնելու փոխշահավետ ծրագրեր, նպաստելու տնտեսական կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանը: Դեսպանը կարևորել է առևտրաշրջանառության ծավալների ավելացումը և համոզմունք հայտնել, որ լավ խթան կարող է դառնալ Թեհրանում տեղի ունեցած ցուցահանդեսին հայաստանյան 100 ընկերությունների մասնակցությունը, Մեղրիում ազատ տնտեսական գոտու ստեղծումը:
Կարեն Կարապետյանը և Սեյեդ Քազեմ Սաջադին անդրադարձել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային այլ հարցերի: