ԵՄ Հարավային Կովկասի ու Վրաստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերգը այս շաբաթ Հայաստան կժամանի՝ հոկտեմբերի 18-ին հայտնել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին Երևանում «Եվրաակումբի» բացման արարողության ժամանակ։
Նրա խոսքով, իր մանդատի բաղկացուցիչներից մեկը Հայաստանում ու Ադրբեջանում մարդկանց միջև շփումների հաստատումն ու վստահության մթնոլորտի ձևավորումն է։ «ԵՄ-ն ֆինանսավորում է Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների միջև վստահության ձևավորմանը նպաստող ծրագրերը։ Ես գիտեմ, որ դեսպան Զալբերգը նույնպես փնտրում է այդ ծրագրերին նպաստելու հնարավորություններ»,- նշել է Սվիտալսկին։ Հերբերտ Զալբերգի մամուլի քարտուղար Հենրի Դյուկենը հայտնել է, որ դեսպանը պաշտոնական այցով Հայաստան կժամանի։ «Այս շաբաթվա վերջին նա կլինի Երևանում, իսկ հաջորդ շաբաթ կայցելի Բաքու։
Դեսպան Զալբերգը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության հետ բարձր մակարդակի վրա խորհրդակցություններ կվարի Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման ու փոխադարձ շահեր ներկայացնող այլ հարցերի շուրջ»,- նշել է Հենրի Դյուկենը։