ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում փոփոխությունների քննարկումներ չեն ընթանում, սակայն Մոսկվան միայն կողջունի, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրները՝ այդ թվում և Թուրքիան, կառուցողական դերակատարում ունենան՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
«Մինսկի խմբի բոլոր անդամների ուղղակի պարտականությունն է ներդրում ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»,- ասել է Զախարովան: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Թուրքիայի հավանական դրական դերակատարման մասին հայտարարել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Այն, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի ապաշրջափակումը, ապահովելով նորմալ տնտեսական համագործակցություն տարածաշրջանում, դա այնպիսի կարևոր գործոն է, որը մենք միշտ հաշվի ենք առնում»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել էր նա: