Տարածաշրջան այցի շրջանակներում երկու օր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվում հանդիպումներ են անցկացրել։ Բաքվում հուլիսի 22-ին կայացած ասուլիսի ժամանակ ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը հայտարարել է. «Ես անձամբ եմ զրուցել նախագահ Ալիևի հետ, նա հավաստիացրել է, որ հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը և պատրաստ է հանդիպել Հայաստանի ղեկավարին»։
ՈՒոռլիքը նաև հավելել է. «Մենք կքննարկենք նախագահների հաջորդ հանդիպումը կազմակերպելու հարցը»։ Երբ և որտեղ կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահները՝ ՈՒոռլիքը դեռ չգիտի։ Սակայն համանախագահները հույս են հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը կարող է տեղի ունենալ Համբուրգում՝ դեկտեմբերի 8-ին և 9-ին կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների հերթական հավաքի շրջանակներում։
Ադրբեջանական և ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բաքվում ասուլիսի ժամանակ Ջեյմս ՈՒոռլիքն ընդգծել է, թե նախագահների հանդիպումների կարևոր թեմաներից մեկը «օկուպացված տարածքների ազատումն է»։
«Սակայն, բանակցություններում քննարկվում է կարգավորման ամբողջ փաթեթը, այլ ոչ թե առանձին տարրերը»,- հավելել է նա և փոխանցել, որ մյուս կողմից Ղարաբաղի կարգավիճակի, փախստականների վերադարձի ու խաղաղապահ ուժերի տեղակայման հարցերն են։ Մինսկի խմբի համանախագահը նշել է, թե իրենք ողջունում են, որ Ալիևը բարձրացրել է Ղարաբաղի կարգավիճակի հարցը։
Բաքվում ՈՒոռլիքն ընդգծել է, որ այսօր կա հնարավորություն շարունակելու Վիեննայում մայիսի 16-ին և Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին սկսած գործընթացը։ Ադրբեջանական լրատվամիջոցները ՈՒոռլիքի հայտարարություններից առանձնացրել են շրջանների վերադարձի և ստատուս քվոյի փոփոխման անհրաժեշտության դրույթները, իսկ ռուսական մամուլը՝ խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը։