Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոյի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան թույլ չի տա, որ PKK-ի զինյալները Իրաքի Սինջար շրջանը վերածեն երկրորդ Ղանդիլի, որտեղ արդեն երկար տարիներ գործում են նրանք. «Սինջարը չի դառնա երկրորդ Ղանդիլ։
Թուրքիան հետագայում նույնպես PKK-ի դեմ կպայքարի Իրաքի տարածքում և կանի հնարավորը, որ սահմանային շրջանները դառնան ավելի անվտանգ»։
Չավուշօղլուն ընդգծել է, որ Թուրքիան բազմակողմ ներդրում է ունենում Մոսուլը ԴԱԻՇ-ից ազատագրելու գործողության մեջ։ Նա մանրամասնել է, որ Բաշիքայի ճամբարում թուրք հրահանգիչների պատրաստած Փեշմերգայի մարտիկները մասնակցում են այդ գործողությանը և բացի այդ, Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 տիպի 4 կործանիչ միջազգային դաշինքի կազմում ռմբակոծում են ԴԱԻՇ-ի օբյեկտները։ Չավուշօղլուն հիշեցրել է, որ Թուրքիան Իրաքից ընդունել է 300 000 փախստականի, ևս 40 000 փախստական գտնվում է Իրաքի հյուսիսում Թուրքիայի ստեղծած 3 ճամբարներում։