ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս ՈՒոռլիքին, Պիեռ Անդրիոյին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցերին։
Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Ադրբեջանն արդեն մի քանի ամիս մերժում է իրականացնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները՝ խոչընդոտելով բանակցային գործընթացի առաջ մղման նպատակով պայմանների ստեղծմանը։ Նալբանդյանը շեշտել է, որ հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների բազմաթիվ կոչերի՝ զերծ մնալ առավելապաշտական և սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից՝ Բաքուն շարունակում է այդ գործելաոճը, որի վերջին ապացույցն են վերջին օրերս բանակցային գործընթացի էությունը և ոգին խեղաթյուրող Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչող հայտարարությունները, որոնք միանշանակ վնասակար են բանակցային գործընթացի համար։