Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Նրանք քննարկել են էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական համագործակցությանը, զարգացման հեռանկարներին, Հայաստանում «Գազպրոմ» ընկերության գործունեությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Կարեն Կարապետյանն արդյունավետ է գնահատել «Գազպրոմ Արմենիա»-ի միջոցով մեր երկրում ոլորտի զարգացմանն ուղղված գազաէներգետիկ ծրագրերը և հատկանշել, որ «Գազպրոմ»-ը Հայաստանում ունի ամենախոշոր ներդրումային փաթեթը: Վարչապետն ավելացրել է, որ երկրի էներգետիկ անվտանգությանն ուղղված ծրագրերը, հուսալի և անխափան գազամատակարարման ապահովումը, իրականացված ներդրումային խոշոր նախագծերը կյանքի են կոչվել «Գազպրոմ»-ի ղեկավարության պատրաստակամության և անմիջական ջանքերի շնորհիվ:
Ալեքսեյ Միլլերը շնորհավորել է Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն: Արձանագրելով ծավալած երկարատև աշխատանքի դրական արդյունքները, Ալեքսեյ Միլլերն ընդգծել է, որ Հայաստանն ունի գազիֆիկացման բարձր մակարդակ՝ 96 տոկոս, գազամատակարարման հուսալի համակարգ, և վստահեցրել, որ «Գազպրոմ»-ն այսուհետ ևս պատրաստ է Հայաստանում իրականացնել ընկերության բոլոր խնդիրները: Նշելով «Գազպրոմ Արմենիա» ընկերության գործունեության դիվերսիֆիկացված առանձնահատկությունը՝ Ալեքսեյ Միլլերը կարևորել է Հրազդանի ՋէԿ-ի 5-րդ էներգաբլոկի և Աբովյանի ստորգետնյա գազապահեստ-կայանի հետագա շահագործման արդյունավետությունը:
Ընդգծելով «Գազպրոմ»-ի գործունեության սոցիալական պատասխանատվության բաղադրիչը՝ Միլլերը նշել է, որ ընթացքի մեջ է բազմաֆունկցիոնալ հնարավորություններով ուսումնամարզական համալիրի շինարարությունը, որը «Գազպրոմ»-ի ներդրումն է ՀՀ երիտասարդ սերնդի ապագայի համար:
ՀՀ-ի և ՌԴ միջև տնտեսական կապերի զարգացման և ամրապնդման գործում նշանակալի ավանդի համար Կարեն Կարապետյանը «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով: