Հոկտեմբերի 25-ին Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունների հինգերորդ փուլը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, եվրոպականը՝ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի, ԵԱՀԿ և տարածաշրջանային համագործակցության տնօրեն Լուկ Դևինին:
Մասնակցում էին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը, ԱԳ և շահագրգիռ այլ գերատեսչությունների և ԵՄ պաշտոնյաներ։ Բանակցությունների ժամանակ քննարկվել են համաձայնագրի նախագծի տարբեր բաժիններին առնչվող հարցեր, ընդլայնված կազմով տեղի է ունեցել լիագումար նիստ, որի ընթացքում կողմերն ամփոփել են բանակցությունների արդյունքները և նախանշել հաջորդ փուլի քննարկումների շրջանակը։ Բանակցող թիմերը նախատեսում են հաջորդ հանդիպումն անցկացնել Բրյուսելում՝ դեկտեմբերին։