ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը մտադիր է հաղթանակի դեպքում պահպանել նախագահական նստավայրի տարածքում Միշել Օբամայի բանջարանոցը՝ հայտնում է New York Times-ը։ Հյուսիսային Կարոլինա նահանգի Սեյլեմ քաղաքում նախընտրական հանրահավաքի ժամանակ թվարկելով առաջին տիկնոջ ձեռքբերումները՝ Քլինթոնն ընդգծել է, որ նա «Սպիտակ տան այգում աճեցրել է ցնցող բանջարանոց»։ «Կարող եմ խոստանալ քեզ, Միշել, եթե հաղթեմ, հոգ կտանեմ դրա մասին»,- ասել է նախկին պետքարտուղարը։ Միշել Օբաման կոչ է արել ամերիկացի ընտրողներին քվեարկել Քլինթոնի օգտին և նրան անվանել է «իմ աղջիկ»։
«Հիլարի Քլինթոնն իմ ընկերուհին է»,- հավելել է Միշել Օբաման։ Առաջին տիկինն ասել է, թե ինչպիսին պետք է լինի ԱՄՆ ապագա նախագահը. «Մենք ուզում ենք, որ նախագահը լուրջ վերաբերվի իր աշխատանքին և նրան հնարավոր լինի վստահել միջուկային ծածկագրերը»։