Երևանում գտնվող Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Քրիստին դե Ֆրենյնն ու նրա գլխավորած պատվիրակության անդամները ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի և ԱԺ Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ նոյեմբերի 1-ին այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։ Քրիստին դե Ֆրենյնն ու պատվիրակության անդամները Բելգիայի Թագավորության Սենատի անունից ծաղկեպսակ են դրել ցեղասպանության հուշարձանին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգելով Սուրբ նահատակների հիշատակը։
Հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել փաստաթղթերին ու վավերագրերին, գրառում կատարել հուշամատյանում։
Քրիստին դե Ֆրեյնը, նշելով, որ Բելգիան Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած առաջին երկրներից է, հավելել է. «Մենք շարունակում ենք Սենատում մեր աշխատանքները և կարևորում ենք Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումը, որն անհրաժեշտ է և զոհերի, և Ցեղասպանությունն իրականացնողների ժառանգների համար։ Մենք ցանկանում ենք, որ մի օր հայկական և թուրքական համայնքները միասին հավաքվեն»։