Եվրոպական կառույցները շարունակում են իրենց անհանդուրժողականությունը դրսևորել Թուրքիայում հակաժողովրդավարական զարգացումների նկատմամբ: Եվրախորհրդարանում Թուրքիայի հարցերով զեկուցող Քեթի Փիրին հայտարարել է, որ Թուրքիայում կատարվող իրադարձությունները Բրյուսելում խոր մտահոգություն են հարուցում: Նա ընդգծել է, որ հուլիսի 15-ի հեղաշրջումից հետո կառավարությունը ընդդիմադիր քաղաքական ուժերի և մամուլի նկատմամբ «զրոյական հանդուրժողականություն» է ցուցաբերում:
Անդրադառնալով ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի խմբագրի և աշխատակիցների ձերբակալման փաստին՝ Փիրին նշել է. «Ամեն ինչ գնալով ավելի ու ավելի է վատանում»: ԵԽ ներկայացուցիչը հիշեցրել է Դիարբեքիրի համաքաղաքապետներ Գյուլթեն Քշանաքի և Ֆրաթ Անլըի ձերբակալության և 15 քրդական լրատվամիջոցների գործունեության դադարեցման մասին: «Բրյուսելում մտահոգությունը շատ մեծ է, քանի որ Թուրքիայում ուժերի հակադրություն չի մնացել: Թուրքիան հետզհետե վերածվում է ավտորիտար պետության», - նշել է Փիրին: Նա հավելել է, որ Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներում փոփոխություն մտցնելու հարցում Եվրամիության հնարավորությունները շատ սահմանափակ են, սակայն ԵՄ-ն պետք է հստակ դիրքորոշում որդեգրի՝ հօգուտ Թուրքիայում ժողովրդավարության կողմնակիցների: Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը Twetter-ի իր միկրոբլոգում թեմայի վերաբերյալ քննադատել է Մուրաթ Սաբունջուի և «Cumhuriyet» թերթի մյուս լրագրողների ձերբակալությունը: Եվրախորհուրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ «Cumhuriyet»-ի ղեկավարների և լրագրողների ձերբակալությունների պատճառով Թուրքիան կարող է բազմաթիվ դատավարությունների հետ գործ ունենալ:
«Եթե արտակարգ դրության ռեժիմը շարունակաբար չարաշահվի, Թուրքիայի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կարող են բազմաթիվ դատական գործեր հարուցվել», - նշել է Յագլանդը: Նա հիշեցրել է, որ անգամ արտակարգ իրադրության պայմաններում անհրաժեշտ է հավատարիմ մնալ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթներին: «Անհրաժեշտ է զգուշությամբ միմյանցից զատել բռնության կողմնակից ահաբեկչական գործողությունների միջոցով կառավարության քննադատումն ու ընդդիմադիր հայտարարութունները: Քանի որ խոսքի ազատությունը ժողովրդավարական հասարակության անհրաժեշտ հիմնաքարերից մեկն է», - հավելել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը: