Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Թուրք-ամերիկյան հարաբերությունների լարման պատճառները

Թուրք-ամերիկյան հարաբերությունների լարման պատճառները
02.11.2016 | 15:08

Ամերիկայի ձայն

Թուրքիայի արդարադատության նախարարի այցը Վաշինգտոն նոր ալիք է հաղորդել թուրք-ամերիկյան լարված հարաբերություններին: Հանդիպելով իր ամերիկացի գործընկերոջ հետ, նա պահանջել է թուրք վտարանդի ընդդիմադիր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնումը: Բանակցությունների ավարտին թուրք պաշտոնյան հայտարարել է, որ խնդրի ձգձգումը շարունակում է բացասաբար անդրադառնալ թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա:
Գյուլենի պատճառով թուրք -ամերիկյան հարաբերությունների վատթարացումը սկսվեց 2015-ի հուլիսին, երբ Թուրքիայում տապալվեց հեղաշրջման փորձը: Այդ փորձի համար Թուրքիան մեղադրում է ԱՄՆ-ի Փենսիլվանյա նահանգում բնակվող թուրք ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին: Նրա տարհանձման Անկարայի խնդրանքի դիմաց Վաշինգտոնը պահանջում է տրամադրել սպառիչ ապացույցներ Գյուլենի մասնակցության ու մեղավորության մասին: Այցի օրերին Վաշինգտոնում գործող SETA հիմնադրամը կազմակերպել էր քննարկում հեղաշրջումից հետո թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին: Միջոցառմանը մասնակից բանախոսները քննադատեցին ամերիկյան իշխանությունների դիրքորոշումը Գյուլենին տարհանձնելու հարցում և ընդգծեցին նրա կապը հեղաշրջման փորձի հետ:

«Գյուլենի շարժումը փորձում է ապակայունացնել Թուրքիան կարևոր պատմական փուլում: Հեղաշրջման ժամանակ ամերիկյան դիվանագիտական և ռազմական ղեկավարության հայտարարությունները բացասաբար են ընդունվել թուրք հանրության կողմից, որի 70-80 տոկոսը հավատում է, որ հեղաշրջումը կազմակերպել է Գյուլենի շարժումը», ասում է SETA հիմնադրամի փորձագետ Ահմեդ Թեքիլօղլուն:
«Թուրքիայում ռազմական գերիշխանության վերացումից հետո հնարավորություն ընձեռվեց ամրապնդել ժողովրդավարությունը, սակայն այս գործընթացը մնաց խոցելի: Հենց այս ժամանակ Գյուլենի շարժումը փորձ արեց զավթել իշխանությունը: Արևմուտքը պետք է գիտակցի, որ սա փորձ էր ռազմական միջոցով տապալելու ընտրված իշխանությանը», նշում է Մուջիբ Խանը Կալիֆորնիայի համալսարանից:


«Այս շարժումը վնասում էր թուրքական ժողովրդավարությանը հեղաշրջումից շատ ավելի շուտ, սակայն խնդիր դարձավ թե Թուրքիայի և թե ԱՄՆ-ի համար հենց այս հեղաշրջմամբ: Կայուն, ժողովրդավար և բարգավաճ Մերձավոր Արևելքը ԱՄՆ-ի նպատակն է, սակայն այն չի կարող դրան հասնել առանց Թուրքիայում ժողովրդավարության զարգացման: ԱՄՆ-ը իր մեղքի բաժինն ունի Թուրքիայի անկայուն վիճակի համար, քանի որ շարունակում է ապաստան տրամադրել Ֆեթուլլահ Գյուլենին», ասում է Փրինստոնի համալսարանի փորձագետ Մայքլ Ռեյնոլդսը: Թուրք և թուրքամետ փորձագետների մոտեցումները, հնչեցրած SETA հիմնադրամի կազմակերպած միջոցառմանը, փորձագիտական շրջանակների միակ կարծիքը չէ: Մեկ այլ դիտարկմամբ՝ խնդիրը գտնվում է իրավական դաշտում, որն արհեստականորեն քաղաքականացվում է Թուրքիայի նախագահ Էրդողանի վարչակազմի կողմից: Ըստ հակառակ կարծիքի՝ թուրքական կողմը չունի հստակ ապացույցներ Էրդողանի մրցակից Գյուլենի մեղավորության մեջ:


«Սա քաղաքական խնդիր չէ, սա իրավական և տեխնիկական հարց է: Նախագահ Էրդողանն է փորձում քաղաքականացնել և լարում է թուրք հանրությանը ընդդեմ ԱՄՆ-ի, որը չափազանց անպատասխանատու է և վտանգավոր: Թուրքիան պետք է տրամադրի հստակ ապացույցներ՝ իր խնդրանքի բավարարման համար: Չեմ կարծում, որ դրանք կան: Բացի այդ, եթե անգամ կան, տարհանձնման պարագայում ԱՄՆ-ը պետք է վստահ լինի, որ տարհանձնվող անձը կունենա արդար և բաց դատավարություն իր երկրում, բայց ներկայիս Թուրքիայի դատական համակարգը, որտեղ լայնորեն ոտնահարվում են մարդկանց իրավունքները, չի տրամադրում, որ Գյուլենի պարագայում կկիրառվի արդար դատավարություն», նշել է Կոլումբիայի համալսարանի Խաղաղության և մարդու իրավունքների ծրագրի ղեկավար Դեյվիդ Ֆիլիփսը: Այս պահին դժվար է կանխատեսել, թե ինչպիսի հանգուցալուծում կստանա արտահանձման հարցը: Բացառված չէ, որ թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածությունն իր անդրադարձն ունենա տարածաշրջանային զարգացումների և հատկապես սիրիական հակամարտության վրա:

Դիտվել է՝ 755

Մեկնաբանություններ