Խորհրդարնում այսօր կայացավ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հանդիպումը, որից հետո նրանք լրատվամիջոցների համար հանդես եկան համատեղ հայտարարությամբ։
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ներկայացնելով հանդիպման բովանդակությունը, նշեց, որ Սլովակիայի խորհրդարանի ղեկավարի հետ քննարկել են Մերձավոր Արևելքում իրավիճակը, Ադրբեջանի կողմից ապրիլին սանձազերծած ագրեսիան, անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ նոր իրավական փաստաթղթի բանակցությունների ընթացքին։
Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոն ընդգծեց, որ Սլովակիայի խորհրդարանը ճանաչել ու դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: «Մարդասիրությունը պարտավոր է հիշել և հարգել պատմությունը», - ընդգծեց նա։ Անդրեյ Դանկոյի խոսքով՝ մարդիկ պետք է իմանան և հասկանան հայ ժողովրդի պատմությունը, որ ընկալեն, թե որքան տառապանքներ է նա կրել:
«Ես շատ եմ սիրում օգտագործել մի նախադասություն, որը ձեզանից եմ սովորել՝ «Կարելի է ներել, բայց երբեք չի կարելի մոռանալ»: Պատմությունը մոռանալ երբեք չի կարելի», - ասաց նա։