Թուրքիայի քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ազգությամբ թուրք պատգամավոր Սըրը Սուրեյա Օնդերի պատմած անկեդոտը տարածվում է համացանցով։ Թուրք պատգամավորը հեռուստաեթերում պատմել է հայի, քրդի ու թուրքի մասին անեկդոտ.
«Հայը, թուրքն ու քուրդը գնում են մի թուրքի տան բակից սալոր գողանալու։ Տանտերը բռնում է երեքին էլ։ Նա սկզբից դիմում է հային՝ ասելով, թե մյուս երկուսը մուսուլման են, իսկ հայը՝ քրիստոնյա, և ծեծում է հային։ Հաջորդը մոտենում քրդին՝ ասելով. «Դու քուրդ ես, նույնիսկ թուրք չես, ինչպե՞ս ես համարձակվել գողություն անել իմ այգուց»։ Տանտերը քրդին էլ լավ ծեծում է։ Այնուհետ հերթը հասնում է թուրքին։ Տանտերն ասում է նրան. «Լսի, դու թուրք ես, չես ամաչո՞ւմ, որ հայի ու քրդի հետ գալիս ես իմ այգին թալանելու»։ Այս խոսքերից հետո տանտերը ծեծում է նաև թուրքին։
Ծեծված ու ջարդված հայը, թուրքն ու քուրդը այգուց հեռանալուց հետո զարմանում են, որ իրենք երեքով էին, սակայն տանտերը միայնակ իրենց երեքին էլ ծեծեց։ «Սկզբում պետք է չթողնեինք, որ հային ծեծեր»,- ասում է քուրդը»։
Թուրք ու քուրդ բազմաթիվ օգտատերեր սոցցանցերով տարածում են անեկդոտը՝ որպես Թուրքիայի քաղաքական ներկա վիճակի մասին պատմող անեկդոտ։