Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը հայտարարել է, որ այսօր Դիարբեքիրում և Անկարայում ձերբակալված Ժողովրդադեմոկրատական կուսակցության 13 անդամների դեմ ոստիկանական գործողությունն օրինական է՝ գրում է թուրքական timeturk կայքը: «Թուրքիայի խորհրդարանի 154 պատգամավորի վերաբերյալ անձեռնմխելիությունից զրկելու մասին որոշում է կայացվել, 55-ը ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամներ են: Իրավական գործընթացը դեռևս շարունակվում է, դատախազներն ավելի վաղ հարցաքննության են հրավիրել բոլոր 154 պատգամավորներին, չեն ներկայացել միայն ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամները: Նրանցից միայն մեկն է ներկայացել դատախազություն: Ոստիկանության հատուկ ջոկատներն օրենքի սահմաններում բերման են ենթարկում կուսակցության անդամներին, որոնք չեն ուզում ճանաչել այս երկրում օրենքի գերակայությունը»,- հայտարարել է Յիլդիրիմը:
Ժողովրդադեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, ում ձերբակալել են այսօր Դիարբեքիր քաղաքում գտնվող իր տանը, դատախազությունում հրաժարվել է պատասխանել դատախազի հարցերին:
«Ինձ ընտրել է ժողովուրդը, հետևաբար՝ միայն ժողովուրդը կարող է ինձնից հարցերի պատասխաններ պահանջել»,- հայտարարել է նա:
Այսօր Դիարբեքիրում և Անկարայում ձերբակալվել է քրդամետ ժողովրդադեմոկրատական կուսակցության 13 անդամ, այդ թվում` կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը:
Այժմ մի շարք պատգամավորների անձեռնմխելիության մասին օրենքը, որն ամրագրված էր Սահմանադրության 83-րդ հոդվածով և արգելում էր պատգամավորներին «կալանավորել, հարցաքննել, դատապարտել առանց խորհրդարանի թույլտվության», համարվում է անվավեր: 2015-ի դեկտեմբերին այն ժամանակ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն քննադատել էր ԺԴԿ-ի քաղաքականությունը և նրա անդամներին մեղադրել ՔԱԿ-ի հետ կապերի համար։