Վարչապետ Կարեն Կարապետյանը ԼՂՀ աշխատանքային այցից առաջ Գորիսում հանդիպել է Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների հետ: Կառավարության ղեկավարը նշել է, որ հանդիպման հիմնական նպատակն է քննարկել մարզի խնդիրներն ու զարգացման հեռանկարները: «Մենք բոլորս պետք է գիտակցենք մի պարզ ճշմարտություն. մեր երկիրը, մեր տունը, մեր թատրոնը, մեր գյուղը կառուցելու ենք մենք, միայն և միայն մենք, և չպետք է սպասենք, որ ինչ-որ մեկը գալու է, վիճակը լավանալու է, այդ ամենը կատարվելու է: Խոսելու ենք պարզ, բաց, անկեղծ և բացի առկա խնդիրները ներկայացնելուց, պետք է առաջարկել նաև լուծումներ, նշել, թե խնդրի լուծման որ մասն է մարզը վերցնելու իր վրա՝ հաշվի առնելով իր բոլոր ռեսուրսները, և ինչ է ակնկալվում կառավարությունից»,- նշել է Կարեն Կարապետյանը:
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը ներկայացրել է մարզում տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերը և նշել, որ հիմնական ջանքերն ուղղված են լինելու մարզի համաչափ զարգացմանը: Զեկուցվել է, որ արդեն մշակվել է Սյունիքի զարգացման ռազմավարությունը, որը միտված է կյանքի նոր որակ ապահովելուն: Առաջիկայում մարզի հինգ քաղաքներում ստեղծվելու են վթարավերականգնողական նոր ծառայություններ, որոնք կապահովեն նոր աշխատատեղեր: Նշվել է, որ իրանական կողմի հետ ակտիվ բանակցություններ են տարվում մսամթերքի և վերամշակված բրդի արտահանման ուղղությամբ: Մարզպետարանին կից գործելու են հանրային և երիտասարդական խորհուրդներ, որոնք հնարավորություն կտան հանրությանը՝ ներկայացնել իրենց հուզող խնդիրներն ու առաջարկությունները:
Վարչապետ Կարեն Կարապետյանը, հատկանշելով կրթության ոլորտի կարևորությունը, շեշտել է, որ կրթական համակարգը պետության համար առաջնային է և մեր վաղվա երկիրը պետք է լինի գրագետ մարդու երկիր:
Խոսելով գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ՝ վարչապետը նշել է. «Մեր առաջին թիրախն աշխատատեղն է, առաջին թիրախն՝ աշխատող մարդուն օգնելը»,-ընդգծել է կառավարության ղեկավարը: Կարեն Կարապետյանը շեշտել է, որ Սյունիքի մարզի համայնքների գործընկերների հետ հանդիպմամբ ձևավորվում է մարզպետարանների հետ աշխատելու ֆորմատը:
Վարչապետի խոսքով՝ անհրաժեշտ է գնահատել առկա ներուժը. «Եթե դուք չեք պատկերացնում ինչ քաղաք, ինչ համայնք եք ցանկանում, դուք տարբերակ չունեք նպատակներին հասնելու: Վստահ եղեք, որ մենք ոչ թե շանս ունենք, այլ մենք տարբերակ չունենք լավ երկիր չկառուցելու: Բայց դրանում յուրաքանչյուրս պետք է մասնակցի, յուրաքանչյուրս իր մասնաբաժինը պետք է վերցնի, իր քաղաքացիական դիրքորոշումը ձևավորի»,- շեշտել է վարչապետը: