Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ) հայտարարել է, թե բոյկոտում է Ազգային մեծ ժողովի նիստերը և սառեցնում է օրենսդիր աշխատանքը՝ իր համանախագահների և պատգամավորների ձերբակալությունից հետո: Խորհրդարանի մեծությամբ երկրորդ ընդդիմադիր խմբակցությունը չի բացառում, որ առաջիկայում կարող է որոշում կայացնել մանդատները վայր դնելու մասին: Կուսակցության առաջնորդներ Սելահադդին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը կալանավորվել են անցած ուրբաթ՝ ահաբեկչությանը սատարելու մեղադրանքներով, տասը այլ պատգամավորներ էլ ձերբակալվել են, երեքը ազատ են արձակվել:
ԱՄՆ-ը խոր մտահոգություն է հայտնել ձերբակալությունների կապակցությամբ, Գերմանիան ու Դանիան ԱԳՆ են հրավիրել թուրք դիվանագետներին, Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարել է, որ այս քայլերը «հարցականի տակ են դնում Եվրամիության ու Թուրքիայի կայուն հարաբերությունների հեռանկարը»: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հակադարձել է՝ որևէ մեկը, այդ թվում՝ ինքը, իրավունք չունի միջամտելու Թուրքիայի դատական հարցերին: