Նոյեմբերի 9-ի վաղ առավոտյան պետական պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ուսանողներ, դասախոսներ և լրագրողներ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ հետևում էին ԱՄՆ նախագահական ընտրություններին: Մինչ Միացյալ Նահանգներից ուղիղ հեռարձակմամբ ներկայացվում էին նախագահական ու կոնգրեսական ընտրությունների արդյունքները, դեսպանության ամերիկացի անձնակազմը և հայ հյուրերը հետևում էին տեղամասերի փակման ու ողջ երկրում արդյունքների ամփոփման ժողովրդավարական գործընթացին՝ տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը:
Հրավիրված էր ավելի քան 800 հյուր, նրանք առիթ ունեցան շփվելու ամերիկացի դիվանագետների հետ և քննարկելու ընտրությունները, երբ տարբեր ամերիկյան հեռուստաալիքներով իրական ժամանակում հաղորդում էին արդյունքները:
«Այսօր նշանակալի օր է, որ կրկնվում է ամեն չորս տարին մեկ անգամ. սա այն օրն է, երբ ԱՄՆ-ը վերահաստատում և տոնում է ժողովրդի կողմից երկրի նախագահ ընտրելու իր 240-ամյա ամուր ժողովրդավարական ավանդույթը»,- ասել է դեսպան Ռիչարդ Միլսը: «Ինչքան էլ բուռն ու հագեցած էր այս տարվա ընտրարշավը, այնուամենայնիվ, ամերիկացիները գիտեն, որ երեկվա քվեարկության արդյունքների հիման վրա 2017 թ. հունվարի 17-ին տեղի կունենա իշխանության խաղաղ հանձնում ԱՄՆ Սահմանադրությանն ու օրենքներին համաձայն: Եվ ինչպես անցյալ շաբաթ նշեց պետքարտուղար Ջոն Քերին՝ մենք այժմ 58-րդ անգամ նախագահի ընտրության ազատ ու արդարացի գործընթացում ենք և դա եղել է 58 անգամ անընդմեջ: Աշխարհի շատ այլ վայրերի համեմատ սա պարզապես ապշեցուցիչ է»,- նշել է դեսպանը:
Նախագահ Օբաման իշխանությունը կհանձնի հաջորդ նախագահին, որ հանդիսավոր երդմնակալությամբ պաշտոնը կստանձնի 2017 թ. հունվարի 20-ին:
Ներկա հայ հյուրերին դեսպան Միլսը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև գերազանց գործընկերությունը, որի ներքո այս տարի կնշվի հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, կշարունակի ամուր մնալ՝ անկախ ով կլինի ԱՄՆ նախագահ: «ԱՄՆ-ը շարունակում է հավատարիմ մնալ հարևանների հետ խաղաղ գոյակցող անկախ ու բարեկեցիկ Հայաստանի կայացման մեր ընդհանուր հանձնառությանը և անկախ այն հանգամանքից, թե ով կլինի ԱՄՆ հաջորդ նախագահը, ԱՄՆ կառավարությունն ու ԱՄՆ դեսպանատունը կշարունակեն մնալ կայուն գործընկեր ու բարեկամ Հայաստանի համար, և միասին մենք կաշխատենք ապահովել ժողովրդավարական ու բարեկեցիկ ապագա, որին արժանի է հայ ժողովուրդը»,- ասել է դեսպան Միլսը: