«Նախագահը Դոնալդ Թրամփն է». տասնյակ միլիոնավոր ամերիկացիների և աշխարհի բնակիչների մեծ մասին թվում էր, թե դա անիրական երևակայություն է։ Իսկ այժմ սա ԱՄՆ-ի ապագան է՝ գրում է The New York Times-ը։
Թրամփը փրայմերիզում և նախագահական ընտրություններում կիրառեց ձյուդոյի հնարք՝ ինքնահավան իսթեբլիշմենթին օգտագործելով հենց նրա դեմ։
Ո՞վ է իրականում Թրամփը. մեզ մինչ այժմ պարզ չէ, թե նա ինչպե՞ս է իրականացնելու գործադիր իշխանության հիմնական գործառույթները, ֆինանսական շահերի ի՞նչ կոնֆլիկտներ ունի, ի վիճակի՞ է արդյոք կենտրոնանալ ինչ-որ հարցի շուրջ և խելամիտ եզրակացություն անել, նվազագույն պատկերացում ունի՞ այն մասին, թե ինչպես վերահսկել աշխարհում խոշորագույն միջուկային զինանոցը։
Սակայն մեզ հայտնի է, որ Թրամփը ԱՄՆ նորագույն պատմության մեջ նախագահի թեկնածուների շրջանում ամենաքիչն էր պատրաստ լինել երկրի ղեկավար, նա չունի բավականաչափ եռանդ 230 միլիոն բնակչությամբ երկիրը ղեկավարելու համար։ Նա սպառնացել է դատի տալ և բանտ նստեցնել իր քաղաքական հակառակորդներին, խոստացել է սահմանափակել մամուլի ազատությունը։ Մենք գիտենք, որ նա խաբում է առանց խղճի խայթի՝ գրում է թերթը։
Թրամփն ասել է, որ պատրաստվում է նվազեցնել հարկերը հարուստների համար, միլիոնավոր մարդկանց զրկել բժշկական ապահովագրությունից։ Նա վիրավորել է կանանց, սպառնացել մուսուլմաններին և ներգաղթյալներին, հայտարարել է, որ խզելու է միջազգային մի շարք համաձայնագրեր։ Անգամ սպառնացել է առևտրային պատերազմ սկսել Չինաստանի հետ՝ հիշեցնում է թերթը։
Թրամփի վերելքի պատճառը ոչ միայն ռասիզմն ու սեքսիզմն է, այլ նաև փոփոխությունների անհուն, երբեմն նաև խելացնոր ծարավը։
Եվ այժմ այդ փոփոխություններն ԱՄՆ-ին հասցրել են անդունդի եզրին՝ եզրափակում է հոդվածագիրը։
Քլինթոնն առաջ է անցել Թրամփից ձայների ընդհանուր քանակով
ԱՄՆ-ի ժամանակով ժամը 6.55-ի դրությամբ (Երևանի ժամանակով ժամը 14.55-ի դրությամբ) Հիլարի Քլինթոնն առաջ է անցել Դոնալդ Թրամփից ձայների ընդհանուր քանակով, հաղորդում է The New York Times-ը։ ԱՄՆ նախագահական ընտրությունների դեմոկրատ թեկնածու Քլինթոնի օգտին քվեարկել է 58 միլիոն 895 հազար 309 մարդ (47,6%), իսկ Դոնալդ Թրամփը ստացել է 58 միլիոն 858 հազար 904 ձայն (47,6%)։ Դեռևս չորս նահանգներում հաղթող թեկնածուն պարզ չէ, Մինեսոտայում առաջատար է Քլինթոնը, Միչիգանում, Նյու Հեմփշիրում և Արիզոնայում՝ Թրամփը։ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթում է ոչ թե այն թեկնածուն, ով ստանում է քաղաքացիների քվեների մեծամասնությունը, այլ նա, ով ավելի շատ ընտրական միավոր է հավաքում: Յուրաքանչյուր նահանգին տրվում է պայմանական թվով միավոր՝ ըստ բնակչության թվի: Անհրաժեշտ է ընդհանուր 538 ձայնից ստանալ առնվազն 270-ը՝ ԱՄՆ նախագահ ընտրվելու համար: Իսկ Դոնալդ Թրամփն արդեն հավաքել է 279 ձայն: