ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնն ընդունել է պարտությունը նոյեմբերի 8-ի ընտրություններում, նշելով, որ ինքը շնորհավորել է հանրապետական մրցակցին` ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփին հաղթանակի կապակցությամբ: Նոյեմբերի 9-ին Նյու Յորքում իր ելույթում Քլինթոնն աջակիցներին ասել է, թե ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ ԱՄՆ-ը «շատ ավելի պառակտված է, քան մենք կարծում էինք»:
Նա նաև ասել է, թե ամերիկացիները «պարտավոր են» Թրամփին «վերաբերվել առանց նախապաշարմունքների և առաջնորդելու հնարավորություն տալ»: Քլինթոնն ընդգծել է, որ իր քաղաքացիական պարտքն է համարում նպաստելու «լավագույն, ավելի հզոր և արդար Ամերիկա կառուցելուն» և պատրաստակամություն է հայտնել համագործակցել ԱՄՆ-ի նոր ղեկավարի՝ հանրապետական Դոնալդ Թրամփի հետ: Նա հայտարարել է, որ օրենքի գերիշխանությունը, իրավահավասարությունը, խղճի ազատությունը պետք է «հարգվեն» և «պաշտպանվեն», և դա Ամերիկայի քաղաքացու պարտքն է:
Իր ելույթում աջակիցներից մի քանի անգամ ներողություն խնդրելով և ափսոսանք հայտնելով ամերիկյան նախագահական ընտրություններում իր երկրորդ պարտության կապակցությամբ` Քլինթոնը ասել է. «Ափսոսում եմ, որ մենք չկարողացանք այս ընտրություններում առաջ մղել մեր արժեքները: Սա շատ ցավալի է, և դեռ երկար ժամանակ ցավ կպատճառի, բայց հիշեք՝ մեր արշավը ոչ մեկ անձի շուրջ էր, ոչ էլ մեկ ընտրության»: Եզրափակելով ելույթը` Քլինթոնը դիմել է այն կանանց, «ովքեր հավատում էին իր արշավին»: «Ես ուզում եմ, որ դուք իմանաք՝ ոչինչ ինձ այնքան չի հպարտացրել, որքան ձեր հերոսը լինելը,- ասել է նախկին առաջին տիկինը` շարունակելով.- Իսկ այժմ բոլոր փոքրիկ աղջիկներին, ովքեր դիտում են ինձ. երբեք մի թերագնահատեք ձեր կարևորությունը, դուք արժանի եք յուրաքանչյուր հնարավորության, որ գնաք ձեր երազանքի հետևից»: