ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման, լրագրողների առաջ ելույթ ունենալով Սպիտակ տանը, հաստատել է, որ արդեն հասցրել է շնորհավորել Դոնալդ Թրամփին ընտրություններում տարած հաղթանակի առթիվ:
«Մենք բոլորս ցանկանում ենք, որ Թրամփը հաջողություն ունենա երկիրը միավորելու և ղեկավարելու գործում: Իշխանության խաղաղ փոխանցումը ժողովրդավարության հիմնակետերից մեկն է, և առաջիկա ամիսներին մենք մտադիր ենք ցույց տալ դա ողջ աշխարհին»,- Օբամայի խոսքը մեջբերում է Washington Post-ը:
Նա նշել է նաև, որ անձամբ հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ և քննարկել այն կարևոր արժեքները, որոնց կարիքն ունի երկիրը` միասնականության զգացումը, հարգանքը ինստիտուտների հանդեպ, կենսակերպը և հարգանքը միմյանց նկատմամբ: Օբաման հույս է հայտնել, որ իշխանության փոխանցումից հետո այդ արժեքները կպահպանվեն, որոնցով էլ կսկսվի Թրամփի նախագահությունը: Օբաման ընդգծել է, որ իր աշխատակիցներին հանձնարարել է սկսել աշխատանքը իշխանության հաջող փոխանցման համար: «Մենք բոլորս ցանկանում ենք, որ Թրամփը հաջողություն ունենա երկիրը միավորելու և ղեկավարելու գործում»: