Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ՀՀ-ն ու ԱՄԷ-ն համագործակցության խորացման փաստաթղթեր են ստորագրել

ՀՀ-ն ու ԱՄԷ-ն համագործակցության խորացման փաստաթղթեր են ստորագրել
11.11.2016 | 13:07

Նախագահ Սերժ Սարգսյանն Արաբական Միացյալ Էմիրություններ պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամադ բին Ռաշիդ ալ Մաքթումի հետ: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ այցը հնարավորություն կընձեռի գործնական քննարկումներ ծավալել և փոխշահավետ պայմանավորվածություններ ձեռք բերել, որոնք նոր մակարդակի կբարձրացնեն հայ-էմիրաթական բազմոլորտ բարեկամական հարաբերություններն ու իրենց ներդրումը կունենան երկկողմ համագործակցության զարգացման գործում:

Կարևորելով հայ-արաբական պատմամշակութային հարուստ անցյալը, բազմաթիվ հարցերում ընդհանուր շահերի համընկնումները, արաբական երկրներում հայկական համայնքների առկայությունը՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ մերձավորարևելյան տարածաշրջանը մշտապես նշանակալի տեղ է զբաղեցրել, և Հայաստանը 25-ամյա անկախության ընթացքում արդյունավետ և բազմաբովանդակ համագործակցություն է ծավալել արաբական երկրների հետ։ Նախագահի գնահատմամբ, հայ-էմիրաթական հարաբերություններն առանձնակի տեղ են զբաղեցնում և փոխգործակցության լավագույն օրինակներից են:


Հանդիպման ժամանակ կողմերը թանկ են գնահատել երկու բարեկամ երկրների և ժողովուրդների հարաբերություններն ու պատրաստակամություն հայտնել դրանք ավելի զարգացնել: Սերժ Սարգսյանը նշել է, որ մեծապես կարևորելով Ծոցի երկրների հետ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության խորացումը՝ Հայաստանը Էմիրությունները դիտարկում է կարևորագույն հանգույց Հայաստանից դեպի Ծոցի տարածաշրջան և այլ երկրներ և հակառակ ուղղությամբ: Նա տեղեկացրել է շեյխ Մուհամադ բին Ռաշիդ ալ Մաքթումին, որ երկու բարեկամ երկրների հարաբերությունների զարգացման տեսանկյունից առաջարկ է ներկայացրել շեյխ Մուհամադ բին Զայեդ ալ Նահյանին` Էմիրություններում Հայաստանին նվիրված ներդրումային համաժողով կազմակերպելու վերաբերյալ:


Նախագահի համոզմամբ, նմանօրինակ համաժողովների հաջող անցկացման ԱՄԷ-ի փորձն ու բարի համբավը կնպաստեն էմիրաթական կողմի և տարածաշրջանի ներդրող խոշոր կազմակերպություններին ի մի բերել, վերածել գործնական հանդիպման և հնարավորություն ստեղծել Հայաստանում ներդրումների զարգացման համար:
Զրուցակիցները երկուստեք կարևորել են մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման հնարավորությունը, որը զգալիորեն կխթանի զբոսաշրջությունը: Շեյխ Մուհամադ բին Ռաշիդ ալ Մաքթումը նշել է, թե էմիրաթական կողմը մտադրություն ունի եկող տարվանից Fly Dubai ավիաընկերության դեպի Երևան ուղիղ չվերթերը դարձնել ամենօրյա: Նախագահը և ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխը համակարծիք են եղել, որ երկու երկրների փոխգործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա: Հանդիպումից հետո տեղի է ունեցել հայ-էմիրաթական համագործակցության խորացմանն ու ամրապնդմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն: Ստորագրվել են՝ «ՀՀ կառավարության և ԱՄԷ կառավարության միջև անվտանգության բնագավառում համագործակցության և ահաբեկչության դեմ պայքարի մասին» համաձայնագիր, փոխըմբռնման հուշագրեր «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ԱՄԷ Ազգային անվտանգության Գերագույն խորհրդի արտակարգ իրավիճակների, ճգնաժամերի և աղետների կառավարման ազգային վարչության միջև արտակարգ իրավիճակների ոլորտում համագործակցության մասին», «ՀՀ կառավարության և ԱՄԷ կառավարության միջև գիտական և տեխնիկական համագործակցության մասին» և «ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի միջև` ՀՀ և ԱՄԷ միջև ներդրումային և բիզնես հնարավորությունների ընդլայնման մասին»:


Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո ի պատիվ պաշտոնական այցով ԱՄԷ-ում գտնվող Հայաստանի նախագահի, Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումի անունից տրվել է պաշտոնական ճաշ:

Դիտվել է՝ 346

Մեկնաբանություններ