Քեմալ Աթաթուրքի մահվան 90-րդ տարելիցին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Անկարայում հայտարարել է, որ Թուրքիան չունի տարածքային հավակնություններ որևէ այլ երկրի նկատմամբ։
Նրա խոսքերով՝ Թուրքիայի ազդեցությունը տարածվում է շատ ավելի հեռու՝ համեմատած նրա սահմանների հետ. «Մենք չենք սահմանափակվում միայն մեր սահմաններով։ Սիրիայի, Իրաքի, Բալկանների ու Կովկասի իրադարձությունները ուղիղ շոշափում են Թուրքիան։ Նոր Թուրքիայի ստեղծման ակունքներում կանգնած է եղել հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը, որ այս միտքը քանիցս հնչեցրել է իր ելույթներում։ Օսմանյան պետությունը սելջուկների պետականության ժառանգորդն է։ Հետագայում այդ պետականության իրավահաջորդը դարձավ Թուրքիայի Հանրապետությունը»։
Էրդողանը բարձր է գնահատել հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ քաղաքացիների պահվածքը։