Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Սպիտակ տանը հանդիպեցին Բարաք Օբաման և Դոնալդ Թրամփը

Սպիտակ տանը հանդիպեցին Բարաք Օբաման և Դոնալդ Թրամփը
11.11.2016 | 16:44

«Ինձ համար պատիվ է հանդիպել Օբամայի հետ»,- ասել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը: «Թրամփը և ես խոսել ենք տեղական և միջազգային քաղաքականության լայն ընդգրկուն հարցերի շուրջ»,- ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Սրանք առաջին մեջբերումներն էին, որ հաղորդվեցին Սպիտակ տանը Օբամա-Թրամփ հանդիպումից:
Օվալաձև սրահում հանդիպումից հետո Թրամփը ասել է, թե հանդիպումը ավելի երկար է տևել, քան պլանավորված էր:

Նա հայտնել է, որ քննարկել են շատ իրավիճակներ, ներառյալ՝ որոշ դժվարություններ: Օբաման Թրամփին ասել է. «Մենք կանենք ամենը, ինչ կարող ենք՝ օգնելու Ձեզ հաջողության հասնել»: Բարաք Օբաման ասել է, թե գերազանց զրույցից խրախուսված է և ընդգծել. «Շատ կարևոր է, որ մենք բոլորս միավորվենք՝ մարտահրավերներին դիմակայելու համար»:
Սպիտակ տունը հայտնել է, որ հանդիպմանը մնացել են չլուծված տարաձայնություններ: Սպիտակ տունը հայտնում է, որ Օբամայից և Թրամփից բացի Օվալաձև սրահում այլ պաշտոնյաներ չեն եղել: Սպիտակ տունը նշում է, թե հանդիպումից Բարաք Օբաման հեռացել է վերահաստատված համոզմամբ, որ Դոնալդ Թրամփը հանձնառու է հարթ անցմանը: Չի բացառվում, որ ԱՄՆ գործող և ընտրված նախագահների խորհրդակցությունները շարունակվեն, հայտնել է Սպիտակ տունը:


Դոնալդ Թրամփը հանդիպումից հետո ասել է, թե Օբամայի հետ նոր հանդիպում է ակնկալում: Սպիտակ տունը հայտնել է, որ նույն օրը հանդիպել են ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը և ապագա փոխնախագահ Մայքլ Փենսը:
Սպիտակ տանը հանդիպել են նաև ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման և Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը: Reuters-ի փոխանցմամբ, Թրամփի քարոզարշավի կայքից հեռացվել են նախընտրական շրջանում հանրապետական թեկնածուի որոշ վիճահարույց արտահայտություններ՝ մահմեդականներին ԱՄՆ մտնելը արգելելու մասին հայտարարությունը, կլիմայի փոփոխության հարցերով Փարիզի համաձայնությունը չեղարկելու խոստումը:
Նոյեմբերի 10-ի առավոտյան Դոնալդ Թրամփը իր օդանավով Նյու Յորքից մեկնեց Վաշինգտոն, տեղական ժամանակով ժամը 11-ի սահմաններում նա Սպիտակ տանն էր: The Washington Post-ը գրում է, որ Թրամփը Սպիտակ տուն է մտել հարավային մուտքից՝ խուսափելով արևմտյան թևի մոտ հավաքված լրագրողներից և Սպիտակ տան աշխատակիցներից: Նոյեմբերի 8-ի նախագահական ընտրություններից հետո սա Բարաք Օբամայի և Դոնալդ Թրամփի առաջին հանդիպումն է: Հանդիպման նախօրեին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ իր թիմին հրահանգել է հետևել Ջորջ Բուշ-Կրտսերի թիմի 8 տարի առաջվա օրինակին և ջանասեր աշխատանքով ապահովել իշխանության հարթ փոխանցումը ընտրված նախագահին:


Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահի պաշտոնը երդմնակալության արարողությամբ ստանձնելու է հունվարի 20-ին: Ընտրություններից հետո 72 օրը նախատեսված է իշխանության հարթ և խաղաղ փոխանցման համար:

Դիտվել է՝ 492

Մեկնաբանություններ