Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Վարչապետը կարևորում է ԵՄ-ի հետ անկեղծ, բաց երկխոսությունն ու համագործակցությունը

Վարչապետը կարևորում է ԵՄ-ի հետ անկեղծ, բաց երկխոսությունն ու համագործակցությունը
11.11.2016 | 23:50

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու գլխավորությամբ:
Կարեն Կարապետյանը կարևորել է ԵՄ-ի հետ անկեղծ, բաց երկխոսությունն ու համագործակցությունը բոլոր ուղղություններով և ավելացրել, որ անհրաժեշտ է համարում փորձի փոխանակումն ու Հայաստանում եվրոպական մշակույթի ներդրումը՝ բիզնեսի կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, դատաիրավական բարեփոխումների գործընթացում: Անդրադառնալով կառավարության գործունեության ծրագրին՝ վարչապետը նշել է, որ գործադիրի հիմնական խնդիրն է բիզնեսի համար առավելագույն արդար, ազատ և հավասար դաշտի ստեղծումն ու ներդրումային ծրագրերի խթանումը:

Նա տեղեկացրել է, որ առաջիկայում ստեղծվելու են հիմնադրամներ, որոնք համաֆինանսավորելու են ակտիվ, նախաձեռնող, բաց դաշտում աշխատող բիզնեսին, որ վերարտադրվի և զարգանա, իրականացվելու են քայլեր օրինապահ հարկատու լինելը մոտիվացնելու համար: Կարևորելով կառավարման մշակույթի փոփոխությունը՝ վարչապետը շեշտել է, որ առանց ստվերի և բոլոր ոլորտներում կոռուպցիայի դեմ պայքարի՝ երկիրը զարգացնելու ճանապարհ չի տեսնում: Վարչապետը նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ գործադիրը հանդես է գալու օրենսդրական նախաձեռնություններով, փոխվելու է կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմը՝ կներգրավվեն հասարակության լայն շրջանակների ներկայացուցիչներ: «Մոտ ժամանակներս ստեղծելու ենք ռազմավարական նախաձեռնությունների և բարեփոխումների կենտրոն, որի գործունեության մեջ բացի կառավարության ներկայացուցիչներից, կներգրավվեն նաև աշխարհի տարբեր երկրների մեր գործընկերները, որոնց փորձը, գիտելիքները մեզ համար կարևոր են: Նրանք ուրվագծելու են այն բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են մեր երկրին»,- նշել է Կարեն Կարապետյանը:

Պյոտր Սվիտալսկին ընդգծել է, որ տպավորված են Հայաստանի վարչապետի և կառավարության հավակնություններով, բարեփոխումների օրակարգով և ավելացրել, որ Հայաստանի պայծառ ապագայի կերտման ուղին տեսնում է այդպիսին: Դեսպանը շեշտել է, որ ԵՄ-ն, որպես Հայաստանի բարեկամ, պատրաստ է օժանդակել՝ տնտեսության զարգացման, գործարար դաշտի, հարկային և մաքսային վարչարարության բարելավման նպատակով: Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի խնդրին՝ պարոն Սվիտալսկին նշել է, որ տպավորված է կառավարության նախատեսած հարուստ միջոցառումներով և այդ ուղղությամբ սերտորեն համագործակցելու պատրաստակամություն հայտնել: Դեսպանը կարևորել է ընտրական գործընթացի կազմակերպման, դատական համակարգի անկախության, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում փոխգործակցությունն ու բարեփոխումների իրականացումը:

Դիտվել է՝ 505

Մեկնաբանություններ