Լոս Անջելեսում 185 մարդ է ձերբակալվել Դոնալդ Թրամփի դեմ բողոքի ցույցերի ժամանակ՝ հաղորդում է CNN-ը։ Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ բողոքի ակցիան վերածվել է զանգվածային անկարգությունների, ինչի հետևանքով բախումներ են եղել ոստիկանության հետ։ Ձերբակալվածների թվում կան անչափահասներ, որոնք խախտել են պարետային ժամը։ Նախօրեին մի քանի հարյուր ցուցարարներ փակել են Լոս Անջելեսի ամենաբանուկ մայրուղիներից մեկը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը գովել է ակտիվիստներին, որ դուրս են եկել փողոցներ՝ բողոքելու նախագահական ընտրությունների արդյունքների դեմ։ Twitter-ի իր էջում նա գրել է. «Ինձ ուրախացնում է այն փաստը, որ երեկ երեկոյան երիտասարդների ոչ մեծ խմբեր դուրս են եկել փողոցներ, քանի որ անտարբեր չեն մեր հզոր պետության հանդեպ»։ Թրամփը հույս է հայտնել, որ ամերիկացիները կմիավորվեն և հպարտ կլինեն։ Ավելի վաղ նա նախագահական ընտրությունների արդյունքների դեմ անցկացվող ցույցերն անվանել էր «անարդար» ՝ նշելով, որ ԶԼՄ-ները հրահրում են երիտասարդներին փողոց դուրս գալ և բողոքել։