ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին արժանացել է Բոննի միջազգային մրցանակին՝ ժողովրդավարության զարգացման գործում ներդրած ջանքերի համար:
Deutsche Welle-ն հայտնում է, որ Մոգերինին մրցանակի դրամական մասը՝ 10 հազար եվրո, փոխանցել է սիրիացի փախստականների ինտեգրման ծրագրին: Ժողովրդավարության զարգացման համար տրվող Բոննի միջազգային մրցանակը հիմնադրվել է 2009-ին: Առաջին անգամ այն շնորհվել է Չեխիայի առաջին նախագահ Վացլավ Հավելին: Ֆեդերիկա Մոգերինին ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչի պաշտոնը ստանձնել է 2014-ին: Մինչ այդ նա եղել է Իտալիայի արտաքին գործերի նախարար: