ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը «Ազատության» հետ զրույցում սադրանք որակեց վերջին օրերին ղարաբաղյան հակամարտության գոտում ադրբեջանական զինուժի գործողությունները: Նա պատահական չի համարում, որ դրանք տեղի են ունենում ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների խորհրդի՝ Համբուրգում կայանալիք նիստից առաջ։ «Կարծում եմ՝ Ադրբեջանը հավատարիմ է մնում իր գործելաոճին ու կարևոր միջազգային հանդիպումներից առաջ միտումնավոր սրում է իրավիճակը շփման գծում։ Կարևոր միջազգային հանդիպում է սպասվում Համբուրգում, մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնացել, և նրանք միտումնավոր սրում են իրավիճակը օր օրի։ Նույն սադրիչ տրամաբանության մեջ է նաև այսօր մեկնարկող զորավարժությունները, որոնք անցկացվում են սպառազինությունների վերահսկման միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտումներով»,- ասաց Տիգրան Բալայանը։
ԱՊԱ գործակալության հաղորդմամբ, վարժանքներին կմասնակցի մինչև 60 հազար զինվորական, ավելի քան 50 ինքնաթիռ և ուղղաթիռ, 150-ից ավելի տանկ, 700 հրթիռահրետանային համակարգ: ՀՀ ԱԳ նախարարը դատապարտել էր զորավարժությունների անցկացումը, համարելով իրավիճակի ապակայունացման հերթական փորձ: