Թուրքիայում ստեղծված կացությունը ԵՄ ԱԳ նախարարների՝ Բրյուսելում հանդիպման գլխավոր օրակարգային թեմաներից մեկն է: Նիստից առաջ ԵՄ անվտանգության և արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին նշում էր.
«Գիտեք արդեն, որ մենք միասնաբար արձագանքեցինք Թուրքիայում ծավալված վերջին իրադարձություններին` ժողովրդադեմոկրատական կուսակցության ղեկավարների ձերբակալությանը: ԵՄ անդամ 28 պետությունների անունից մենք մեր մտահոգությունն ենք հայտնել Թուրքիայում խոսքի ազատության վիճակի և մահապատժի հնարավոր վերականգնման շուրջ ծավալված բանավեճի առթիվ»:
Իսկ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնն ասաց, թե Եվրամիությունը պետք է զերծ մնա Թուրքիայի հանդեպ կտրուկ քայլեր ձեռնարկելուց. «Շատ կարևոր է, որ մենք Թուրքիային անկյուն չմղենք: Մեր միասնական դիրոքորոշումն արտահայտելու ընթացքում անհարկի կտրուկ մոտեցումներ ցուցաբերելու կարիք չկա: Պետք չէ մոռանալ, որ Թուրքիան շատ դժվար վիճակում է, և այնտեղ վերջերս հեղաշրջման փորձ է եղել»: