ԳԴՀ կառավարող կոալիցիայի (ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը և Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը) մեջ մտնող կուսակցությունների ղեկավարները պայմանավորվել են Ֆրանկ -Վալտեր Շտայնմայերին առաջադրել Գերմանիայի նախագահի թեկնածու: Ավելի վաղ ՔԴՄ-ի, ՔՍՄ-ի և ԳՍԴԿ-ի ղեկավարները մի քանի ապարդյուն հանդիպումներ էին անցկացրել Յոահիմ Գաուկին հնարավոր փոխարինողի հարցի քննարկման շուրջ:
Անգելա Մերկելը և Հորսթ Զեեհոֆերը չէին ցանկանում պաշտպանել սոցիալ-դեմոկրատ Շտայնմայերի թեկնածությունը, որին առաջարկել էր ԳՍԴԿ-ի ղեկավարությունը: Դիտորդների կարծիքով՝ դա վկայում է, որ կուսակցություններն արդեն սկսել են պայքարը Բունդեսթագի առաջիկա ընտրություններից առաջ: Շտայնմայերի թեկնածությունը պաշտպանելու որոշումն ընդունվել է նոյեմբերի 14-ի առավոտյան ՔԴՄ-ի և ՔՍՄ-ի նախագահությունների անդամների հետ Մերկելի և Զեեհոֆերի հեռուստախորհրդաժողովներից հետո:
Դաշնային ժողովը՝ հատուկ մարմին, որն ընտրելու է նախագահին, նիստ կգումարի 2017-ի փետրվարի 12-ին, բաղկացած է 1260 պատվիրակից, որոնց կեսը Բունդեսթագի պատգամավոր է, կեսը՝ դաշնային երկրամասերի Լանտագների ներկայացուցիչ: