Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Թուրքիայում հանդիպել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, որից հետո կողմերը մամուլի ասուլիս են տվել: Ինչպես հաղորդում է գերմանական Deutsche Welle-ն, Շտայնմայերը հայտնել է Գերմանիայի մտահոգությունները` կապված Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին հաջորդած զանգվածային ձերբակալությունների և կալանավորումների, խոսքի ազատության սահմանափակումների հետ:
«Խնդրում եմ Թուրքիայում այս ամենը չդիտարկել որպես «ամբարտավանություն կամ վերևից դաս տալու» փորձ»,- նշել է Գերմանիայի արտգործնախարարը: Նա իր զարմանքն է հայտնել նաև նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հայտարարության առնչությամբ, որ «Գերմանիան ապահով երկիր է ահաբեկիչների համար»: «Չենք կարող ընդունել այս մեղադրանքը»,- հայտարարել է Շտայնմայերը: Նա հանդիպում է ունենալու նաև Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմի հետ: Նրան հանդիպման հրավեր է ուղարկել նաև նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: