Հայաստանը կարևորում է Մոլդովայի հետ բարեկամական հարաբերությունների խորացումը՝ ասել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ հանդիպելով աշխատանքային այցով Երևան ժամանած Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրի հետ:
Նախարարները նախ առանձնազրույց են ունեցել, ապա հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով: Կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ օրակարգի տարբեր հարցեր, միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրներ:
Տեղի է ունեցել մտքերի փոխանակում երկու պետությունների համագործակցության զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերի շուրջ, քննարկվել են առևտրատնտեսական գործակցությանը նոր լիցք հաղորդելու ուղիները, կարևորվել է գիտակրթական և մշակութային բնագավառներում փոխանակումների ակտիվացումը: Նալբանդյանը և Գալբուրն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը, արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացմանը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում գործակցության սերտացմանը:
Նալբանդյանը Գալբուրին է ներկայացրել Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները: Գալբուրը նրան՝ Մոլդովայի եվրոպական ինտեգրման գործընթացի վերջին զարգացումները:
Հանդիպման օրակարգում էր նաև տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորման հարցը: Զրուցակիցները համակարծիք էին, որ բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ ճանապարհով: Էդվարդ Նալբանդյանը մոլդովացի գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու պայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը:
Հանդիպման ավարտին նախարարները ստորագրել են չորս փաստաթուղթ՝ Հայաստանի և Մոլդովայի քաղաքացիների միջև մուտքի արտոնագրի ռեժիմի վերացման, զբոսաշրջության, գիտության և կրթության ոլորտում համագործակցության համաձայնագրերը, երկու երկրների արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների 2017-2018-ի ծրագիրը, ապա հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: