Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ասել է, թե չի կարծում, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չեղյալ կհամարի Իրանի միջուկային համաձայնագիրը: Կլիմայի փոփոխության հարցերով Մարոկկոյում անցկացվող ՄԱԿ-ի համաժողովի շրջանակներում հեռուստատեսային հարցազրույցում Օլանդն ասել է, որ այդ համաձայնագիրը անվտանգության երաշխիքներ է տալիս:
Իսկ կլիմայի փոփոխության Փարիզի համաձայնագրերի վերաբերյալ Օլանդն ասել է, թե Փարիզի գագաթնաժողովում ընդունված փաստաթուղթը անշրջանցելի է: Համաձայնագիրը նա պատմական է համարել: Դոնալդ Թրամփը նախընտրական շրջանում խոստացել էր վերանայել ԱՄՆ-ի դիրքորոշումը: Օլանդն ասել է, թե ԱՄՆ-ի հանրությունը պետք է հասկանա կլիմայի փոփոխության ռիսկերը: