Տարածաշրջանային այցով Երևանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիդ Բրինքն հայաստանյան լրատվամիջոցների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, թե հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահի, ԱԳ նախարարի հետ: Նա ասաց նաև, որ երեկ հասցրել է հանդիպել նաև ընդդիմության ներկայացուցիչների հետ, այսօր էլ կհանդիպի վարչապետի հետ ու Երևանից կուղևորվի Թբիլիսի և Բաքու: Պատասխանելով հարցին, թե ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների բարելավումն ինչ-որ ազդեցություն կարո՞ղ է ունենալ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների վրա, Արցախի վրա, Բրիջիդ Բրինքն ասաց.
«Այս պահին չեմ կարող հստակ ուղեգծերը կանխատեսել կամ նախանշել: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը աշխատել են խնդրի կարգավորման ուղղությամբ, և աշխատել են նույնիսկ այն ժամանակ, երբ Ռուսաստանի հետ հարաբերությունները լարված են եղել: Կարծում եմ, որ հետագայում ևս այդ աշխատանքները կշարունակվեն»:
ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալն ասաց, որ մինչև 2017-ի հունվարի 20-ը նախագահ Օբաման է պաշտոնավարելու, հետևաբար շարունակվելու է նրա վարչակազմի քաղաքականությունը. «Նոր նախագահի պաշտոնավարման ընթացքում առավել հստակ կդառնան արտաքին քաղաքականության և մյուս ուղղությունները»:
ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը խոսեց նաև Վիեննայի պայմանավորվածությունների մասին՝ ասելով, թե ակնկալում են, որ այդ ուղղությամբ առաջընթաց կլինի, հնարավոր կլինի վերսկսել բանակցությունները: