Նոյեմբերի 17-ին Երևանում կայացել է Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որին մասնակցել են Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Կրիստոֆ Բեյաղը, ԱլԳ մասնակից պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ:
«Հայաստանը կարևորում է իր ներգրավվածությունն Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում, և հանդիպման անցկացումը Երևանում դրա հերթական վկայությունն է»,- հանդես գալով բացման խոսքով՝ նշել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Խոսելով Հայաստան-Երոպական միություն հարաբերությունների մասին՝ Նալբանդյանը շեշտել է. «Վերջին երկու տարիներին Ռիգայի հռչակագրի դրույթների իրագործումը գտնվում է մեր ուշադրության կենտրոնում: Հայաստանի պարագայում կարող եմ ասել, որ անցնող տարվա ընթացքում տեսանելի արդյունքների ենք հասել. կայացել է ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների վեց փուլ, և կողմերին հաջողվել է գրանցել զգալի առաջընթաց: Միացել ենք ԵՄ մի շարք ծրագրերի, ինչպիսիք են՝ փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման COSME ծրագիրը, հետազոտությունների ու նորարարության Horizon 2020 ծրագիրը: Մեկնարկ է տրվել «Ստեղծագործ Եվրոպա» նախաձեռնությանը միանալու գործընթացին, ինչը հնարավորություն է տալիս ընդլայնել մշակութային փոխանակումների շրջանակը։ Ակնկալում ենք նաև, որ առաջիկայում կսկսվեն բանակցությունները Ընդհանուր ավիացիոն գոտու պայմանագրին միանալու ուղղությամբ, հուսով ենք, որ շուտով կմեկնարկի մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման երկխոսությունը: Կցանկանայի տեղեկացնել, որ սկսվել են Հայաստանի և ԵՄ-ի միջև 2017-2020-ի համար գործընկերության առաջնայնությունների շուրջ խորհրդակցությունները։
Օգտագործելով առիթը՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ԵՄ-ին՝ տարիներ շարունակ ցուցաբերվող աջակցության համար, ինչը նշանակալի դեր է խաղացել Հայաստանում բարեփոխումների իրականացման և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման գործում»։
Հանդիպմանը բացման և ամփոփիչ խոսքերով հանդես են եկել Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Կրիստոֆ Բեյաղը: Նրանք կարևորել են նման ձևաչափով պարբերական հանդիպումները՝ գործընկեր երկրների տեսակետներին և նրանց մտահոգող խնդիրներին ծանոթանալու և համատեղ լուծումներ գտնելու առումով։ Նախարարական հանդիպման մասնակիցներն արդյունավետ քննարկումներ եմ ունեցել Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության համար կենսական բոլոր ուղղություններով, անդրադարձ են կատարել Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի արդյունքներին։