ՆԱՏՕ-ն հարգում է Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ պահպանելու Հայաստանի ընտրությունը՝ Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխօգնական Ջեյմի Շին:
«Մենք հարգում ենք Հայաստանի ընտրությունը՝ համագործակցել և ՆԱՏՕ-ի, և Ռուսաստանի հետ, նաև՝ ԵԱՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին նրա անդամակցությունը»,- նշել է նա:
Ջեյմի Շին ընդգծել է՝ Հայաստանին իր ուղերձը ոչ թե «կամ-կամ» է, այլ՝ «և-և»։
«Հայաստանը չի ուզում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ ու ամենևին էլ պարտադիր չէ անդամ լինել՝ համագործակցության բազմաթիվ ծրագրերից օգտվելու համար»,- ասել է Շին։ Նա ընդգծել է, որ խոսքը երկկողմ համագործակցության մասին է, որի միջոցով ամրապնդվում է երկու կողմերի անվտանգությունը։ «Տանգո պարելու համար երկուսն են պետք։ Ինձ թվում է՝ Հայաստանն ու ՆԱՏՕ-ն շատ լավ զույգ են տանգոյի համար»,- ընդգծել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխօգնականը: