Ջեյմս ՈՒոռլիքը պատրաստվում է թողնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի պաշտոնը և դիվանագիտությունը: «Ես թողնելու եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը դեկտեմբերի 31-ին: Ինձ համար պատիվ էր ծառայել պետդեպարտամենտում ավելի քան 30 տարի»,- Թվիթերում գրել է նա՝ մեկ այլ գրառմամբ հայտնելով. «Ես գործընկեր եմ դառնալու Ռուսաստանի ամենամեծ և հեղինակավոր իրավաբանական ֆիրմայում»: ՈՒոռլիքը թվիթերյան գրառման մեջ ընդգրկել է «Եգորով, Պուգինսկի, Աֆանասև և գործընկերներ» ընկերության պաշտոնական կայքէջի հղումը, որտեղ հաղորդվում է, որ նա միանալու է ընկերության թիմին Վաշինգտոնում 2017-ի հունվարին:
ՈՒոռլիքը պատասխանատու է լինելու ԱՄՆ-ի և միջազգային հաճախորդների հետ աշխատանքի, հաճախորդների հետ ռազմավարական հարաբերությունների զարգացման, օրենսդրական և հանրային քաղաքականության հարցերով: Ջեյմս ՈՒոռլիքը Սթենֆորդի, Օքսֆորդի համալսարանների, Իրավագիտության և դիվանագիտության Ֆլեթչերի դպրոցի շրջանավարտ է, աշխատում է ԱՄՆ կառավարության համար 30 տարուց ավելի, ԱՄՆ-ի առավել հարգված ավագ դիվանագետներից է, տասնյակ տարիների փորձ ունի որպես հատուկ բանագնաց, բանակցող, խորհրդական և ծրագրերի մենեջեր:
Ջեյմս ՈՒոռլիքը ստանձել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը 2013-ի օգոստոսի 6-ին և ղարաբաղյան կարգավորման միջնորդներից ամենաակտիվն էր թե լրագրողների հետ շփումներում, թե սոցիալական ցանցերում, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կամ արտգործնախարարների հերթական հանդիպումների մասին շատ հաճախ հայտնի է դառնում Թվիթերում նրա գրառումներից, Երևան կամ Բաքու այցերի ժամանակ նա պարբերաբար ասուլիսներ էր հրավիրում:
1993-ին հիմնված «Եգորով, Պուգինսկի, Աֆանասև և գործընկերներ» ընկերությունը ԱՊՀ-ում ամենախոշոր իրավաբանական ընկերությունն է, որը գրասենյակներ ունի Ռուսաստանում, ՈՒկրաինայում, Բելառուսում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում, ծառայություններ է մատուցել ռուսաստանյան և Ռուսաստանում աշխատող արտասահմանյան խոշոր ընկերություններին, պետական կառույցներին, միջազգային կազմակերպություններին և ԱՊՀ ֆինանսական կազմակերպություններին։
Մեկնաբանելով ՈՒոռլիքի հեռանալու տեղեկությունը, Ադրբեջանի ԱԳՆ քարտուղար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե իրենց սպասումները Մինսկի խմբից ինստիտուցիոնալ են և անձերի հետ կապված չեն: Նա հավելել է, թե Մինսկի խմբից Բաքուն ակնկալում է աջակցություն՝ միջազգային նորմերի հիման վրա ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում։ «Ստատուս քվոն, որը Մինսկի խմբի համանախագահներն անընդունելի են համարում, պետք է փոխվի։ Իսկ ստատուս քվոյի փոփոխությունը նշանակում է՝ հայակական զորքերի դուրսբերում Ադրբեջանի օկուպացված տարածքներից»,- ասել է Հաջիևը: